Մինչև անգամ երկու պատճառ,— վրա բերեց Թուսյանը,— առաջինն այն, որ առավոտյան, երբ իրարից բաժանվեցինք և ես հափուռ-չափուռ հավաքում էի, որ գնամ վագզալ, տեսնեմ գրպանումս կոպեկ չկա։ Մինչդեռ շատ լավ հիշում եմ, կլուբում տարած վաթսուն ռուբլուց մի քսան-քսանհինգ ռուբլի դրել էի ժիլետիս գրպանը, և այդ փողը գնաց առանձին կաբինետում, իսկ մնացածը դրել էի պինջակիս ծոցի գրպանը, և այդ փողն էր, որ հանգել էր։ Մտածել եմ — կամ այն քածն է հանել, որի հետ քեֆ էի անում, կամ պարզապես ընկել է գրպանիցս։ Այսպիսով առավոտվա գնացքով գնալս չհաջողվեց։ Չուզեցի նորից քեզ դիմել և գնացի անմիջապես Սարումյանի մոտ ու մինչև մի քսան ռուբլի չպոկեցի, հանգիստ չտվի։ Գալիս էի տուն, որ չեմոդանս առնեմ գնամ վագզալ, վրա հասավ երկրորդ պատճառը... Քնեցի՞ր, Մարգարյան։