Օ՛, պարոն, օ՛, պարոն… մի անեք այնպես, որ ես իսկապես խելագարվեմ... եթե դուք ընդունակ լինեիք հասկանալու, թե ինչ է նշանակում մի անմեղ, միամիտ, մի անբիծ աղջկա համար հուսախաբված լինել անդրանիկ սիրո մեջ... Եթե ձեզ ծանոթ լինեին մի այնպիսի աղջկա տանջանքները, հուսահատությունը և ապա այն սոսկումը, որ պատում է նրան, երբ հանկարծ իմանում է, որ ապօրինի մայր է լինելու՝ լքված, մենակ, ծածուկ, իբրև ամենամեծ մի մեղսագործ... Դժոխքն այն տանջանքները չէր կարող տալ ինձ, ինչ որ զգացի ես այն ժամանակ, երբ տեսա, որ ստիպված եմ ակամա գործած մեղքիս հետքը ջնջել առավել ևս սոսկալի մեղսագործությամբ... մինչև այժմ էլ ինձ թվում է, թե լսում եմ անմեղ զավակիս առաջին ճիչը, որին վիճակված էր վերջինը լինելու... Ես գործեցի ամենամեծ ոճիրը, չլսված, չտեսնված մի ոճիր, ես իմ ձեռքով սպանեցի իմ զավակը... և ամեն րոպե, ամեն վայրկյան մահվան սոսկում էր պատում ինձ, երբ մտածում էի, թե ահա, որտեղ որ է, ամեն բան կիմանան և ամոթի, խայտառակության սյունը կբարձրացնեն ինձ... Թեև ամեն բան ծածուկ մնաց, բայց ի՞նչ օգուտ դրանից: Դադարեցի՞ն դրանից հետո իմ տանջանքները, իմ սոսկումները... Ամենևին ոչ: Բավական էր, որ ես գիտակցում էի իմ ոճրագործությունը, ուրիշ էլ ի՞նչ պատիժ էր հարկավոր, որ դրանից էլ ավելի սոսկալի լիներ... Եվ այժմ, որ մտածում եմ, թե ինչո՞ւ... ում պատճառով...